Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Հռոմի պապը 2015-ին կայցելի Հայաստան

Հռոմի պապը 2015-ին կայցելի Հայաստան
20.09.2014 | 12:48

Վատիկան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ և նրան 2015 թվականին հրավիրել Հայաստան։ Սրբազան քահանայապետը սիրով ընդունել է հրավերը։ «Հայաստանի նախագահը և Նորին Սրբությունը գոհունակությամբ են խոսել Հայաստանի և Վատիկանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների մասին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և կաթոլիկ եկեղեցու միջև հաստատված սերտ համագործակցության մասին»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաև Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-վատիկանյան հարաբերությունների ներկան և զարգացման հեռանկարը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում քրիստոնյաներին և քրիստոնեական ժառանգությանն առնչվող արդի հիմնախնդիրները: Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի պատրաստակամությունը մասնակցելու այդ աշխատանքներին: Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցերին: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կարդինալ Պիետրո Պարոլինիին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում Սուրբ Աթոռի հավասարակշռված դիրքորոշման համար:

Դիտվել է՝ 1801

Մեկնաբանություններ